ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Արգենտինան Հայաստան է ուղարկել հումանիտար օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար։ Այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեպանատունը։
Նշվում է, որ Բուենոս Այրեսից Երևան է ժամանել հատուկ չվերթ։
«Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, ովքեր իրականություն դարձրեցին այս հումանիտար առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով»,– ասված է հաղորդագրությունում:
Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը ու «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Արգենտինան Հայաստան է ուղարկել հումանիտար օգնություն արցախցիների համար
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Արգենտինան Հայաստան է ուղարկել հումանիտար օգնություն արցախցիների համար