Անտառային տարատեսակ բույսերը, ծաղիկները, մրգերը, սոճու և եղևնու կոնը արցախցի Հարութի ձեռքում դառնում են օծանելիքների բույրեր։ Մոտ մեկ տարի շրջափակված Արցախում 15–ամյա տղան զբաղվում էր օծանելիքագործությամբ` ձեռքի տակ չունենալով գրեթե ոչ մի պատրաստի նյութ։ Նա ստեղծում էր արցախյան բույրեր։
Ամեն ինչ սկսվեց, երբ 44–օրյա պատերազմից հետո 12–ամյա տղան որոշեց ծնողներին օգնելու համար սեփական բիզնեսը հիմնել։ Հորեղբոր տղայի հետ սկսեց Ստեփանակերտում օծանելիքների վերավաճառքով զբաղվել։ Հետո բույրերի գաղտնիքներն այնքան գրավեցին նրան, որ որոշեց անձամբ դրանք ստեղծել։
Սկզբում յուղերից հայտնի բույրերի կրկնօրինակներն էր պատրաստում, բայց երբ նախորդ տարվա վերջին Լաչինի միջանցքը փակվեց, ու յուղեր ներկրելն անհնար դարձավ` Հարութը որոշեց, իր ունեցած եթերայուղերով սեփական բույրերը պատրաստել։
Оծանելիքագործ Հարութ Տոնյանի ստեծած բույրերը
© Sputnik / Aram Nersesyan
«Երբ դեռ վերավաճառում էի հայտնի բրենդների օծանելիքներ, անընդհատ բացում էի տուփերը, հոտոտում, ուզում էի իմանալ, թե ինչից են ստացել դրանք, հայտնի օծանելիքագործների գործունեությունն էի ուսումնասիրում։ Ու երբ արդեն հնարավորություն ստեղծվեց, միանգամից գործի անցա։ Ասեցի փորձեմ` ստացվի–ստացվի, չստացվի` ոչինչ»,– պատմում է Հարութը։
Նախ Հարութն ինքնուրույն թորման սարք պատրաստեց ու, Արցախի բնության բոլոր բարիքներից օգտվելով, սկսեց օծանելիքի համար «նյութեր» ստանալ։
Նոր բույրերի բոլոր փորձարկումները Հարութը քրոջ հետ էր անում։ Հենց նա էր օծանելիքագործի առաջին քննադատը։ Հիմա արդեն հպարտանում է եղբորով ու սպասում, որ իր համար էլ առանձնահատուկ բույր կպատրաստի։
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը և նրա քույրը
© Sputnik / Aram Nersesyan
«Ես վստահ եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի, որովհետև այն աշխատասիրությունը, ջանասիրությունն ու ձգտումը, որ նա ունի... իհարկե կստացվի, նա հաստատ կհասնի իրա նպատակին»,– ասում է Հարութի քույրը` Մարիամը։
Պատանի օծանելիքագործն արդեն 6 բույրի հեղինակ է, ու այս ամենը առանց որևէ հատուկ դասընթացների կամ ուսումնասիրությունների։
Ղազանչեցոցով նոթատետրը մնաց թշնամուն
Հարութը քրոջ ու ավագ եղբոր հետ, որպես ուսանող, Հայաստան է տեղափոխվել օգոստոսի վերջին` ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Տատիկն ու ծնողները միացել են նրանց սեպտեմբերի 24-ից սկսած` ԼՂ բնակչության բռնի տեղահանումից հետո։ Տոնյանների տունը Կրկժանում էր (արվարձան Ստեփանակերտում), Հարութի հարազատները անգամ իրենց հագուստը չեն հասցրել վերցնել Արցախը լքելուց առաջ։ Հայրական տանն է մնացել նաև նոթատետրը` Ղազանչեցոցի ու Արցախի զինանշանի պատկերներով, որտեղ նա գրել էր իր ստեղծած բոլոր բույրերի բաղադրատոմսերը։
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը ստեղծած բույրերը
© Sputnik / Aram Nersesyan
«Դե մոտավորապես հիշում եմ, թե ինչ բաղադրիչներ եմ խառնել իրար այդ բույրերը ստանալու համար, բայց քանակները ստույգ չեմ հիշում...»։
Սակայն Հարութը շատ չի նեղսրտում, չէ որ պատրաստվում է հետագայում էլ անհատական բույրեր ստանալ` յուրաքանչուր հաճախորդի համար յուրովի։ Ի դեպ, արցախցի հաճախորդներն արդեն գտել են նրան Հայաստանում, ինչն էլ ավելի ոգեշնչել տղային նորից վերսկսել գործը։
«Արցախ Parfum»–ի մասին պետք է լսի ամբողջ աշխարհը
Հարութը հիմա մի քանի երազանք ունի. նախ ուզում է ուսում ստանալ Ֆրանսիայում ու պրոֆեսիոնալ օծանելիքագործ դառնալ։ Հետո արդեն ստեղծել օծանելիքների իր բրենդն ու դառնալ հայտնի ամբողջ աշխարհում։ Դրանից հետո միայն Հարութը կստեղծի իր բրեդին յուրահատուկ բույրը, որը կանվանի «Արցախ»։
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը «Արցախ Parfum» ստեծղծելու ճանապարհին
© Sputnik / Aram Nersesyan
«Տատիկս ու պապիկս Շուշիից էին, փոքր ժամանակ հաճախ էինք գնում այնտեղ։ Ջդրդուզի (Հունոտի կիրճ) անտառների բույրը մինչև հիմա հիշում եմ, հենց այդպիսի բույր կունենա «Արցախը», այն կհիշեցնի մեր դրախտավայրը։ Նոտաները կլինեն ծաղկային ու մրգային, իսկ ակորդները կհիշեցնեն մեր լեռների հոտը»։
Մինչև այս մեծ երազանքներին հասնելը Հարութը նաև փոքրիկ` արագ իրականանալի երազանք ունի։ Ուզում է դիմել Երևանի քաղաքապետարանին, որ թույլ տան իրեն այգիներից մեկում տաղավար դնի, վաճառի օծանելիքներն ու հասույթը փոխանցի արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։
Оծանելիքագործ Հարութ Տոնյանը Էջմիածնում
© Sputnik / Aram Nersesyan