Շվեդիան ակնկալում է, որ Թուրքիան մի քանի շաբաթվա ընթացքում կվավերացնի ՆԱՏՕ-ի հայտը

Շվեդիա
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի մայիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Շվեդիայի կառավարությունն ակնկալում է, որ Թուրքիան մի քանի շաբաթվա ընթացքում կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Այս մասին գրում է շվեդական «Expressen» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի հայտի վավերացումը կսկսվի մոտ ժամանակներս, և այն պատրաստ կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»,- մեջբերում է թերթը կառավարական աղբյուրի խոսքը, որի անունը չի նշվում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին հավաստիացրել է, որ Անկարան չի դրժի Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու պայմանավորվածությունը։
Թուրքիան Շվեդիայի առջև պայման է դրել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ դաշինքի 31-րդ անդամը։
Շվեդիայի հայտը մինչ օրս չի արժանացել Հունգարիայի և Թուրքիայի վերջնական հավանությանը։ Շվեդիան` որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու գործընթացի ակտիվացմանը:
Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո 1 մլրդ եվրո կհատկացնի դաշինքի ինովացիոն հիմնադրամին