ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Շաքարի համաշխարհային գները, որոնք երկար ժամանակ բարձր մակարդակում էին, փոքր–ինչ նվազել են։ Տեղեկությունը հայտնում է «Nasdaq»-ը:
Վերջին երկու օրում գները 1-2%-ով նվազել են այն բանից հետո, երբ Հնդկաստանի սննդի նախարար Սանջիվ Չոպրան հայտարարեց, որ ներքին շուկայում շաքարի պակաս չի սպասվում, և որ Հնդկաստանը (աշխարհում շաքարի երկրորդ խոշորագույն արտադրողը) կքննարկի արտահանումը թույլատրելու հնարավորությունը: Վերջնական որոշումը կախված կլինի շաքարեղեգի բերքի գնահատումից:
Սեպտեմբերին շաքարի գներն աճեցին գրեթե մեկուկես անգամ և հասան վերջին 12 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի՝ համաշխարհային բերքի կրճատման մտավախությունների պատճառով (վեցերորդ տարին անընդմեջ), քանի որ Հնդկաստանում և Թաիլանդում նվազել է անձրևների քանակը։
Համեմատության համար նշենք, որ եթե 2021-2022 սեզոնին (հոկտեմբերից մինչև սեպտեմբեր) Հնդկաստանն արտահանել էր 11,1 միլիոն տոննա շաքար, ապա 2022-2023–ին՝ գրեթե կրկնակի պակաս` ընդամենը 6,1 միլիոն: Իսկ հոկտեմբերին սկսված 2023-2024 սեզոնի համար Հնդկաստանի շաքարի գործարանների ասոցիացիան (ISMA) բերքի 3,4% նվազում է կանխատեսում: Թաիլանդի արդյունաբերական ասոցիացիան նույն սեզոնի համար կանխատեսում է բերքի կրճատում 18%-ով:
Գների հետագա բարձրացումը կանխում են Բրազիլիայում բարձր բերքատվության մասին կանխատեսումները․ այս սեզոնին սպասվում է գրեթե մեկ քառորդ աճ՝ մինչև ավելի քան 32 տոննա։ Բրազիլիան շարունակում է աշխարհում շաքարի խոշորագույն արտադրողը մնալ, իսկ Թաիլանդը ծավալով երրորդն է։
Հիմնականում դրա հաշվին, ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի կանխատեսմամբ, 2023-24 սեզոնին ամբողջ աշխարհում շաքարի արտադրությունը կաճի 6%-ով: Սպասվում է նաև սպառման 2,3% աճ։