ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի բանակը հայտնել է, որ պատրաստվում է ռազմական գործողությունների հաջորդ փուլին, որոնք կներառեն նաև ցամաքային գործողություններ:
«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է նախապատրաստվել պատերազմի հաջորդ փուլին, այդ թվում ՝ ցամաքային գործողությունների... Վերջին օրերին հաստատվել են օպերատիվ գործունեության ընդլայնման ծրագրերը», - նշված է գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։