ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միազգային կոմիտեի աշխատակիցները շրջում են Ստեփանակերտի կենտրոնական վայրերում և Լեռնային Ղարաբաղի գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:
«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում, մի մասը` իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԿԽՄԿ–ն նրանց սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում, նաև օգնում է կապ հաստատել հարազատների հետ, հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։