ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի և Եվրամիության առաջնորդները Ադրբեջանին կոչ են անում ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, որոնք մնացել են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են իրենց տուն վերադառնալ։ Այս մասին ասված է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ։
«Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա», - նշել են նրանք։
Վաշինգտոնն ու Բրյուսելը «բոլոր կողմերին» հորդորում են հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքին։
Նշենք, որ գագաթաժողովն անցկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։