Սրբավայրերը պետք է պաշտպանված լինեն. ՄԱԿ–ը` Գազայում եկեղեցուն հասցված հարվածի մասին

ՄԱԿ-ի շենքը
Նախօրեին Գազայի հատվածում հարված է հասցվել Սուրբ Պորֆիրիոսի հունական ուղղափառ եկեղեցուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Բոլոր սրբավայրերը պետք է պաշտպանության տակ լինեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը` մեկնաբանելով Գազայի հատվածում ուղղափառ եկեղեցուն հասցված հարվածը։
«Մենք կարծում ենք, որ բոլոր սրբավայրերը պետք է միշտ պաշտպանված լինեն, և կոչ ենք անում բոլոր կողմերին դրանք հակամարտության մեջ չներքաշել», – ասել է Հաքը։
Հոկտեմբերի 19-ի երեկոյան հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության հետևանքով ավերվել է Սուրբ Պորֆիրիոսի հունական ուղղափառ եկեղեցին, զոհեր և վիրավորներ կան։ Երուսաղեմի ուղղափառ պատրիարքությունը Իսրայելի ավիահարվածը «ռազմական հանցագործություն» է որակել։
Տեղեկություններ չկան այն մասին, թե որքան լուրջ վնաս է հասցվել եկեղեցու պատմական շենքին, եկեղեցի, որը Գազայի հատվածի ամենահին եկեղեցին է և երրորդ ամենահին եկեղեցին աշխարհում։
Լուսանկարներից դատելով` ավերվել են եկեղեցու կողքին գտնվող և եկեղեցուն պատկանող շենքերը, բուն եկեղեցու վրա տեսանելի վնասներ չեն երևում։