ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ։ Այս մասին հայտնում է ՔՊ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, քննարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացել է 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։