ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակն է Արցախի վերջին մնացորդները վերացնել հենց արցախցիների ձեռքով։ Այսօր Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նշեց շուշեցի Նարե Սիմոնյանը` խոսելով ակցիայի կազմակերպման նպատակի մասին։
Նա շեշտեց` շենքի մոտ հավաքվածներից շատերն իրենց արդար զայրույթն ունեն, որովհետև իրենց հարցերի պատասխանները չեն ստանում, բայց նրա համար կասկածելի է, որ ակցիան հենց այսօր է կազմակերպվում։
«Երբ Արցախի նախագահն ասաց, որ ասուլիս է տալու և հարցերի պատասխանները տալու է, այսպիսի բաներ սկսեցին կազմակերպել։ Չեմ զարմանա, որ մինչև էդ ասուլիսն այս շենքը փակեն, չեմ զարմանա, որ մինչև այդ ասուլիսը նախագահին ձերբակալեն»,– լրագրողների հետ զրույցում նշեց Նարեն։
Նա նաև լուրջ կասկածներ ունի Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերաբերյալ։ Կնոջ խոսքով` կասկածելի է, որ Բաբայանը հանգիստ Հայաստան է հասել, իսկ նրա խոսքերից հետո, թե պետք է դատել Արցախի պատգամավորներին, որոնք նախագահ են ընտրել, ռազմաքաղաքական ղեկավարությունը ձերբակալվում է Ադրբեջանի կողմից։
«Չգիտեմ, թե ինչ պաշտոն են խոստացել նրան»,– նշեց կինը։
Նա նաև հավելեց` հաջորդ անգամ, երբ ներկայացուցչության մոտ կլինի նման ակցիա, իր հայրենակիցները ներկայացուցչության դուռը ջարդելուց առաջ նախ իրեն պետք է ջարդեն։
«Էդ ցավը չպիտի մեր բանականությունը բթացնի»,– հավելեց նա։
Հիշեցնենք` արցախցիները առավոտից ակցիա են անում՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Ավելի վաղ նրանք, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացան մուտք գործել Արցախի ներկայացուցչություն։
Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հարցերին։