ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի իշխանությունները որոշել են տարհանել Լիբանանի սահմանին գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։
Ըստ ծրագրի, որը հավանության է արժանացել պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից, քաղաքի բնակիչները տարհանվելու են պետության կողմից ֆինանսավորվող հյուրանոցներ:
«Հյուսիսային հրամանատարությունը քաղաքապետին տեղեկացրել է ընդունված որոշման մասին։ Ծրագրի կառավարումն իրականացնելու են տեղական իշխանությունները, զբոսաշրջության նախարարությունն ու պաշտպանական գերատեսչությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Իսրայելի տարածքը բազմիցս գնդակոծվել է Լիբանանում գործող «Հզբոլլահ» խմբավորման կողմից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։