«Փաշինյանը և Ցուկերբերգն առաջարկել են հեշտ փող աշխատել». խարդախություն է. ՔԿ

Նիկոլ Փաշինյան
Նման եղանակով փորձ է արվել քաղաքացիների վստահությունը չարաշահելով գումարներ հափշտակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։
«Նման եղանակով փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին, վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ, ներգրավել անհայտ ծագում ունեցող ծրագրերում և նրանցից գումարներ հափշտակել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի (հանցափորձ, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: