Երևանի ավագանու 2 խմբակցության մի խումբ անդամներ վայր են դրել մանդատները

Երևանի քաղաքապետարան
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 9 թեկնածուների գրանցումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն հետո ինքնաբացարկ ներկայացրած ավագանու անդամի թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Երևանի ավագանու անդամի մանդատներ տրամադրելու հարցերը։
Ինչի՞ վրա է ծախսվել Տիգրան Ավինյանի երդմնակալության 87,3 մլն դրամը. մանրամասներ
«Մայր Հայաստան» դաշինքից մանդատները վաղաժամկետ վայր են դրել Դուստրիկ Մխիթարյանը և Ադրինե Ավագյանը։ Մանդատները կտրվեն «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Քոչարյանին և Գրիգոր Իսկանդարյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը և Արամ Ազատյանը։ Մանդատները կտրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդարյանին, Հերմինե Ոսկանյանին և Զինա Չալիկյանին։
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Անդրանիկ Գասպարյանի, Արտակ Հովակիմյանի, Սամվել Ղուկասյանի, Վահե Հակոբյանի, Միքայել Օհանյանի, Արմեն Մհերյանի, Լուսինե Դայանի, Ռազմիկ Մկրտչյանի և Ռոման Համբարձումյանի գրանցումները։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։