ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից մշակվող աշխատանքի էլեկտրոնային բորսան թույլ կտա բարելավել անդրսահմանային աշխատանքի տեղավորման պայմանները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղազախստանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը։
Աշխատանքի Եվրասիական էլեկտրոնային բորսան մշակվում է Ղազախստանի նախաձեռնությամբ և ուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային ռեսուրսների շարժունության և օգտագործման արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով ազգային տնտեսությունների կարիքները:
«ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար անդրսահմանային աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները կբարելավվեն։ ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնես-համայնքի համար կստեղծվի անձնակազմի հավաքագրման լրացուցիչ, օրինական և արդյունավետ գործիք: Անդամ-պետությունները կապահովեն ազգային տնտեսություններում լրացուցիչ աշխատանքային ռեսուրսների ներգրավումը, ԵԱՏՄ շրջանակներում աշխատողների հեռավար զբաղվածության ձևերի զարգացումը, ինչպես նաև տեխնոլոգիական հիմք կստեղծեն աշխատանքի և զբաղվածության ոլորտում ԵԱՏՄ թվային օրակարգի հետագա իրականացման համար», - նշել են ղազախական գերատեսչությունում։
Բացի այդ, ծառայությունը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետության կոնկրետ տարածաշրջանում աշխատանքի շուկայի և աշխատանքի տեղավորման մասին համապատասխան տեղեկատվություն ստանալ։