Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումը կհետաձգվի. նախարար

Ռոբերտ Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Ֆինանսավորման դեպքում նախապատվությունը որոշվել է տալ այն ընկերություններին, որոնք գրանցված են Հայաստանում, կամ արտասահմանյան, որոնք սակայն հայ մասնակիցներ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումը կհետաձգվի, քանի որ դրա հայեցակարգը որոշել են փոքր–ինչ փոփոխել։ Այս մասին ստարտափների զարգացման հարցերով FAST հիմնադրամի (ՀՀ գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) կազմակերպած կլոր սեղանի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Իր սխեմայով այն կլինի, ինչպես նախատեսված էր, դասական վենչուրային հիմնադրամ (այսինքն՝ որոշակի ռիսկայնություն ունեցող նախագծերի ֆինանսավորման համար)։ Ճշգրտումները վերաբերում են նախագծերին. քանի որ հիմնադրամն ազգային է կոչվել, ապա ամենայն հավանականությամբ, ֆինանսավորման դեպքում նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք գրանցված են Հայաստանում, կամ արտասահմանյան այն ընկերություններին, որոնք հայ մասնակիցներ ունեն (գաղափարի հեղինակները, տեխնիկական ղեկավարները, մենեջերները և այլն)։
Չի փոփոխվի նաև ոլորտային ներգրավվածությունը` կդիտարկվեն ոչ միայն ՏՏ ոլորտի նախագծերը, այլև բարձր տեխնոլոգիական այլ ոլորտները (էլեկտրոնիկա, կենսատեխնոլոգիա և այլն)։
Հիշեցնենք, որ նախկինում կազմված նախագծի համաձայն, կառավարությունը կլինի վենչուրային հիմնադրամի համահիմնադիրը` մրցույթով ընտրված մասնավոր գործընկերոջ հետ միասին։
Նախագծի նախնական խմբագրության համաձայն` կառավարությունը հիմնադրամում 9 մլն դոլարի ներդրում պետք է կատարի, մասնավոր համաներդրողը` ևս առնվազն նույնքան։ Վենչուրային նոր հիմնադրամը մի քանի կլաստերներ կունենա` «կանաչ» և կենսատեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, «մեծ տվյալների» (Big data – մեծ ծավալի տվյալների զանգված, որոնք կիրառվում են վիճակագրության, վերլուծության, կանխատեսումների և որոշումների ընդունման համար – խմբ.)։