ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Թուրքական Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է Գազայի հատվածի բնակիչներին մոտ 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Գազայում տեղի է ունենում մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ Որպես Baykar ընկերություն` մենք հայտարարում ենք Գազայի բնակիչներին 280 մլն լիրա (10 մլն դոլար) մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին»,-ասել է աշխարհի խոշորագույն ԱԹՍ արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։