Արցախից բռնի տեղահանված 15 264 աշակերտ արդեն հաճախում է դպրոց

Արխիվային լուսանկար
Բաղդասարյանն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական է, որպեսզի իրացվի բոլոր երեխաների կրթության իրավունքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված 15 264 աշակերտ արդեն գրանցված են ու հաճախում են ՀՀ դպրոցներ։ ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Նազելի Բաղդասարյանը։
Նրա տվյալներով` Երևանում դպրոց է հաճախում 4 736 աշակերտ, Արագածոտնի մարզում` 708, Արարատի մարզում` 2 083, Արմավիրի մարզում` 1 295, Գեղարքունիքի մարզում` 721, Լոռիում` 892, Կոտայքում` 2 816, Շիրակում` 633, Սյունիքում` 588, Վայոց Ձորում` 321, Տավուշում` 471։
Բաղդասարյանն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական է, որպեսզի իրացվի բոլոր երեխաների կրթության իրավունքը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։