ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն ստորգետնյա փորձարկումներ է անցկացրել Նևադայի միջուկային զինափորձարանում։ Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ Ռուսաստանի Պետդուման օրենք ընդունեց Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը հետ կանչելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը:
«Նևադայի ազգային անվտանգության օբյեկտի թիմը (Նևադայի զինափորձարան) օբյեկտում ստորգետնյա քիմիական պայթյուն է իրականացրել՝ նպատակ ունենալով բարելավել ամբողջ աշխարհում ցածր հզորությամբ միջուկային պայթյուններ հայտնաբերելու Միացյալ Նահանգների հնարավորությունը»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ:
«Այս փորձարկման համար օգտագործվել են բարձր հզորության քիմիական պայթուցիկ նյութեր և ռադիոիզոտոպային ինդիկատորներ»,-հավելել են նախարարությունում:
Հաղորդվում է, որ փորձը կատարվել է ԱՄՆ-ի՝ միջուկային զենքի չտարածմանը վերաբերող նպատակներով՝ գլոբալ միջուկային սպառնալիքները նվազեցնելու համար:
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996 թվականին։ Դրանով միջուկային զենք ունեցող երկրները նման փորձարկումներ չանցկացնելու կամավոր պարտավորություններ են ստանձնել։ Ռուսաստանն այն վավերացրել է 2000թ․-ին։ Սակայն մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, մինչ օրս չեն վավերացրել։