ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արաքս գետի հունը խախտելու, պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` այդ ընկերությունները շեղվել են տրամադրված կոորդինատներից, արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը, ինչի հետևանքով էլ վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո:
Նշվում է, որ «Արև Սյուզի» ՍՊԸ–ն արդյունահանել է 2748 խմ լեռնային զանգված։ Տնօրեն Կ.Հ.-ն պետությանը պատճառել է խոշոր չափերի՝ 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս։ Ինչպես նաև շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 383-րդ հոդվածի 1-ին և 381-րդ հոդվածի 1-ին մասով։
«Սարգիս և Պապ» ՍՊԸ–ն արդյունահանել է 63 834 խմ ծավալով լեռնային զանգված: Պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 5 մլն 126 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս։
Ընկերության տնօրեն Ս.Ղ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 383-րդ հոդվածի 1-ին մասով:
«Սերտիգ» ՍՊԸ–ն արդյունահանել է 63 834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 892 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս։
Ընկերության տնօրեն Ս.Ա.-ն էլ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով: