2 տարում Հայաստանում ավելի շատ ստարտափներ են բացվել, քան վերջին 7 տարում. նախարար

Արխիվային լուսանկար
Դրանց ավելի քան 50%-ը ներկայացվել է 2022–ին և 2023 թ–ի սկզբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի -Sputnik. Վերջին երկու տարում Հայաստանում ավելի շատ ստարտափներ են գրանցվել, քան 2015-2021 թվականներին։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը FAST հիմնադրամի (Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) կողմից կազմակերպված ստարտափների զարգացման հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ։
Ընդհանուր առմամբ 2015 թվականից ի վեր պետությունը բավարարել է ստարտափների համար հարկային արտոնությունների շուրջ 3700 հայտ: Դրանց կեսից ավելին ներկայացվել է 2022 թվականին և 2023 թվականի սկզբին։ Ի դեպ, 1200 հայտը դեռ չավարտված 2023թ–ին են ստացվել։
Նախարարն ընդգծել է, որ ստարտափներին հարկերից ազատելու (բացի աշխատակիցների եկամտահարկից) օրենսդրությունը կշարունակի գործել առաջիկա տարիներին:
«Բացի արտոնություններից, մենք մեր արտասահմանյան գործընկերների հետ կշարունակենք գնահատել այն դժվարությունները, որոնք ՏՏ ոլորտում առաջացել են ամբողջ աշխարհում։ Մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես նվազագույնի հասցնել դրանց ազդեցությունը մեր ընկերությունների վրա»,-հավելել Է նախարարը:
Դժվարություններից մեկը առցանց լուծումների պահանջարկն է, որը կտրուկ աճել է համաճարակի ժամանակ , իսկ հիմա այն կրկին վերադառնում է սովորական` «նախաքովիդային» մակարդակի։ Կան նաև այլ պատճառներ, որոնք նախարարությունը շարունակում է վերլուծել։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի համաձայն, որը գործում է 2015 թվականից, ՏՏ ստարտափները շահութահարկ չեն վճարում (կամ եկամտահարկ, եթե ստարտափը ձևակերպված է անհատ ձեռնարկատիրոջ համար): Վճարման ենթակա է միայն աշխատակիցների եկամտահարկը` 10%։ Նշենք, որ մյուս ընկերությունների համար այն 20% է։ Ընկերությունում պետք է աշխատի ոչ ավելի, քան 30 մարդ, և այն չպետք է լինի որևէ գործող ընկերության դուստր ձեռնարկություն: