100 հազար դրամ միանվագ աջակցությունից արդեն օգտվել է 95200 արցախցի. նախարարություն

Արխիվային լուսանկար
Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 15207 անձի այսօր վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ)։ Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է ավելի քան 95200 անձ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
«Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը կփոխանցվի նրանց քարտերին։
Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա, հավելում են նախարարությունից։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 101 848 մարդ։