Նախագահներին պաշտոնազրկելու փորձերը մեր տարածաշրջանում տարիների պատմություն ունեն։ Երևի հիշում եք՝ դեռ 2007 թվականին Հայաստանում ձևավորվեց «Ինմփիչմենտ» դաշինքը, որի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իմփիչմենտի գաղափարը գերիշխում է բնակչության 80%-ի մոտ, և մենք ստացել ենք հասարակական պատվեր` մեր երկրից վտարել ղարաբաղյան կլանը»։ Ոչ մի պաշտոնազրկում էլ այն ժամանակ, բնականաբար, չեղավ, իսկ նախագահին անվստահություն հայտնելու առաջին փորձը Հարավային Կովկասում ի վերջո տեղի ունեցավ Վրաստանում։ Ու թեև իրենց Սահմանադրական դատարանը նախօրոք որոշել էլ, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի հիմնական օրենքը, այդ կինը, միևնույն է, ևս մեկ տարի կմնա նախագահական պալատում՝ մինչև լիազորությունների ժամկետի ավարտը։ Խորհրդարանականների ձայները չբավարարեցին նրան պաշտոնազրկելու համար։
Արտառոց բան տեղի չունեցավ։ Ամերիկայում էլ ավելի քան 200 տարվա ընթացքում երբեք չի հաջողվել ազատվել որևէ նախագահից, չնայած նման փորձեր մի քանի անգամ եղել են։ Եվ այնուամենայնիվ, Վրաստանի դեպքը ուրույն է։ Առաջին հայացքից անհավատալի է, բայց փաստ է՝ դեպի Եվրոպա ձգտող կառավարությունը փորձեց պաշտոնազրկել դեպի Եվրոպա ձգտող նախագահին։ Դրսից ուղղակի մանկական բանավեճ է հիշեցնում՝ ես եմ ավելի շատ ձգտում դեպի Բրյուսել, չէ՛, ես քեզնից շատ եմ ձգտում։ Վեճի էությունն այն է, որ Զուրաբիշվիլին ինքնագլուխ մեկնել է արտասահման, հանդիպել տարբեր երկրների առաջնորդների հետ և առաջ տարել ներկա իշխանությունների եվրոպական օրակարգը։ Վա՞տ բան եմ արել` հարցնում է նախագահը։ Այո՛, պատասխանում է վարչապետը, որովհետև չես համաձայնեցրել կառավարության հետ։
Իրական պատճառը, որի մասին գերադասում են լռել, սա է՝ Վրաստանի իշխանությունները գտնում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին պարզապես իրեն ամենազոր է երևակայել և, չգիտես ինչու, համոզել ինքն իրեն, որ մյուսները իր մակարդակից շատ ցածր են և բան չեն հասկանում ո՛չ դիվանագիտությունից, ո՛չ էլ ընդհանրապես քաղաքականությունից։ Համաձայնե՛ք, շատ ծանոթ երևույթ է՝ բավական է՝ մեկը մի-երկու ամիս անցկացնի Ֆլետչերի ամերիկյան դպրոցում, նրա հետ արդեն խոսել չի լինում. Հենրի Քիսինջերն է կամ առնվազն Զբիգնև Բժեզինսկին։
Ճիշտ է, Զուրաբիշվիլին իրոք հարուստ կենսագրություն ունի։ Ծնվել է Փարիզում, սովորել ԱՄՆ-ում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ նրան դաս է տվել հենց Զբիգնև Բժեզինսկին, հետո աշխատել է Ֆրանսիայի արտգործնախարարությունում, իսկ 2003 թվականին դարձել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Պատկերացնո՞ւմ եք՝ ձեզ դեսպան են նշանակում ինչ-որ երկրում, իսկ դուք դառնում եք այդ երկրի արտգործնախարար, հետո էլ նախագահ։ Ընդ որում, Միխեիլ Սաակաշվիլին այդ կնոջը արտգործնախարար նշանակելուց առաջ խորհրդակցել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, հետո էլ ասել. «Նման կարգի դիվանագետ Վրաստանը երբեք չի ունեցել»։
Անհավատալի է, բայց ընդամենը երկու տարի անց Միխեիլ Սաակաշվիլին, որն այդքան բարձր կարծիքի էր այդ կնոջ մասին, պաշտոնազրկեց նրան, և նախկին արտգործնախարարը դարձավ ընդդիմադիր։ Ի դեպ, հիմա էլ, երբ Զուրաբիշվիլիի գլխավերևում կուտակվում էին իմփիչմենտի սև ամպերը, նրա համախոհները հորդորում էին՝ մի՛ սպասիր մինչև քեզ կպաշտոնազրկեն, ինքդ դուրս արի և դարձիր ընդդիմության առաջնորդ։ Բայց նախագահը հայտարարեց՝ ինձ ժողովուրդն է ընտրել, և սեփական կամքով չեմ հեռանա։
Սակայն կարելի է համաձայնել այն քաղաքագետների հետ, որոնք փաստում են՝ ամերիկացիները գնացող նախագահներին, որոնք այլևս լիազորություն չունեն որևէ բանի վրա ազդելու համար, «կաղ բադ» են անվանում։ Ա՛յ, հենց այդպիսի «կաղ բադ» է լինելու առաջիկա տարում Սալոմե Զուրաբիշվիլին։ Ու հենց այդ նպատակն ուներ իշխող կուսակցության սարքած ներկայացումը, որովհետև ի սկզբանե բոլորին հայտնի էր՝ իմփիչմենտի համար ձայները չեն բավարարելու։
Իսկ հաջորդ նախագահի հետ իշխանավորները, ամենայն հավանականությամբ, լեզու կգտնեն, քանզի Զուրաբիշվիլին վերջին նախագահն էր, որն ընտրվեց անմիջականորեն՝ շարքային քաղաքացիների ձայներով։ Չնայած դա վճռորոշ նշանակություն չունի։ Վացլավ Հավելն, օրինակ, պատգամավորների կողմից էր ընտրվում, բայց հսկայական հեղինակություն էր վայելում Չեխիայում։ Եվ հրաշալի գիտեք, որ կան պառլամենտական երկրներ, որտեղ նախագահները ամիսներով ձայն-ծպտուն չեն հանու՝ հլու հնազանդ կատարելով ցանկացած իշխանության կամքը։ Ու թվում է, թե ի վերջո մարդիկ նախագահական պալատի մոտով անցնելիս կհարցնեն միմյանց. «Ո՞վ է այստեղ նստած, ազգանունը հիշո՞ւմ ես»։