Սամբոյում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներն ամսական թոշակ կստանան

Սամբո. Արխիվային լուսանկար
Այս ծրագրի համար ՀՀ պետբյուջեից հատկացվող ծախսերը կավելանան տարեկան 87 մլն 150 հազար դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցված մարզիկներն անվանական ամսական թոշակ կստանան։ Նման որոշում կայացվել է կառավարության հոկտեմբերի 19-ին կայացած նիստում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Փոփոխություն է կատարվել «ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին տրամադրվող ամենամսյա անվանական թոշակի հատկացումը» որոշման մեջ։
«Նոր լրացման համաձայն՝ ծրագրի շահառուներ կհանդիսանան նաև սամբո մարզաձևում բարձր արդյունքներ գրանցած հայ մարզիկները: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից: Այս փոփոխությամբ նպատակ կա Հայաստանում մասսայականացնել սամբո մարզաձևը, պետական հոգածության ներքո օժանդակել սամբիստ մարզիկներին և նրանց մարզիչներին»,- ասված է որոշման մեջ։
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ներկայում անվանական թոշակ է հատկացվում օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից միայն շախմատ մարզաձևի մարզիկներին և նրանց մարզիչներին:
Որոշման ընդունմամբ՝ ՀՀ պետական բյուջեից վերոնշյալ ծրագրի համար հատկացվող ծախսերը կավելանան տարեկան 87 մլն 150 հազար դրամով, որից 17 մլն 430 հազար դրամը՝ հարկերի և պարտադիր այլ վճարների համար: Հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 2022 թվականի մարզական արդյունքները: