Սաակաշվիլիի հորդորը դեպի պետության վախճանը տանող ուղիղ և ամենակարճ ճանապարհն է. քաղաքագետ

Միխեիլ Սաակաշվիլին. Արխիվային լուսանկար
Գրիգոր Բալասանյանը հիշեցնում է, որ Միխեիլ Սաակաշվիլին իր վարած քաղաքականության ընթացքում եղել է Վրաստանի ամենահակահայ նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրացական բանտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված կոչը նրա «տերերի» նախաձեռնությունն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։ Ըստ նրա` Սաակաշվիլիի «տերերը» սխալմամբ կարծել են, թե Հայաստանում կարող են օգտվել ստեղծված իրավիճակից և պղտոր ջրում ձուկ որսալ։
Հոկտեմբերի 18–ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X-ի իր էջում նամակ էր հրապարակել` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա խորհուրդ էր տվել անհապաղ պահանջել դուրս բերել ռուսական ռազմաբազան, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։
«Կարելի է խելագար մարդու հայտարարություններին այդքան մեծ ուշադրություն էլ չդարձնել, որովհետև այդ նույն մարդու վարած քաղաքականության պատճառով Վրաստանը տարածքային հսկայական կորուստներ ունեցավ, հայտնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի ճիրաններում։ Եվ այսօր այդ մարդը այդ կոչն անում է բանտից, այսինքն` անգամ «տերերը» չեն կարողանում նրան փրկել։ Կարծում եմ` նրան ասել են նման հայտարարություն անել` միգուցե ոգեշնչվելով Ստրասբուրգում Փաշինյանի ելույթից»,– նշեց Բալասանյանը։
Ըստ նրա` սխալ է կարծել, թե Հայաստանը կգնա այն ուղիով, որով գնացին Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան է փորձում գնալ։ Հայաստանը չի կարող այդ ճանապարհով գնալ օբյեկտիվ պատճառներով, որովհետև դա չի բխում մեր ժողովրդի շահերից։
Ո՞ւմ նկատի ունի քաղաքագետը` ասելով «Սաակաշվիլիի տերեր»։ Բալասանյանը շեշտում է` խոսքն առաջին հերթին ԱՄՆ–ի մասին է։
«Նրան թևեր տվողը, որ միայն թե կտրվի ՌԴ–ից և թշնամական քաղաքականություն վարի, միշտ էլ եղել է ԱՄՆ–ն, ավելին` Սաակաշվիլուն թևավորեց 2005-ին Ջորջ Բուշ կրտսերի այցը, երբ Վրաստանը հայտարարվեց ԱՄՆ ռազմավարական գործընկեր, սակայն 2008-ին ԱՄՆ–ն իր ռազմավարական գործընկերոջը լքեց` փաստացի որևէ ռազմական օգնություն չտրամադրելով, որը հանգեցրեց պատերազմում պարտության և հսկայական տարածքային կորուստների»,– հիշեցրեց քաղաքագետը։
Թե ինչի է հասել Վրաստանը` խզելով կապերն ԱՊՀ–ի հետ և չմիանալով ԵԱՏՄ–ին կամ անգամ հարաբերություններ չհաստատելով նրա հետ, ըստ Բալասանյանի` ակնհայտ է։ Բավական է նայել, թե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ով որ տեղում է Վրաստանը և որ տեղում Հայաստանը։
Արդյոք կարո՞ղ է Սաակաշվիլիի հայտարարությունը ոգևորություն առաջացնել հայաստանյան որոշ շրջանակներում` Բալասանյանը չի բացառում, բայց և հուսով է` խելամտությունը կհաղթի, անձնական դիրքորոշումները կստորադասվեն պետության շահերին։
«Սաակաշվիլիի հորդորին հետևելը պետության վախճանին տանող ուղիղ և ամենակարճ ճանապարհն է լինելու մեզ համար»,– շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի այն խոսքերին, թե իրեն մտահոգում է Հայաստանի ճակատագիրը, Բալասանյանը հիշեցրեց` Միխեիլ Սաակաշվիլին իր վարած քաղաքականության ընթացքում եղել է Վրաստանի ամենահակահայ նախագահը։ Բավական վերհիշել` ինչպիսի ինտեգրացիոն գործընթացների է նա միացել, ինչ ենթակառուցվածքներ են կառուցվել վրաց–ադրբեջանա-թուրքական համագործակցությամբ, ու ամեն բան պարզ կդառնա։
Հիշեցնենք` բանտից Նիկոլ Փաշինյանին հղված նամակում Վրաստանի նախկին նախագահը նաև հայտարարել էր, որ Փաշինյանը պետք է անհապաղ Ադրբեջանի հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը, ինչը, իր համոզմամբ, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ճանապարհ կբացի հիմնարար փոփոխությունների համար։
ՀՀ–ի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել, այլև իշխանությունը տապալելու կոչեր են արել. Փաշինյան