ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի–Sputnik. Իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում»,– ընդգծում է նա:
Նրա խոսքով` բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզապես թողնվել են անորոշության կամ էլ կիսալուծումների հույսին։ Դրանց թվում են կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված խնդիրները։
Աբրահամյանը շեշտում է` այս ամբողջը խորապես կդրսևորվի առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի հուն կմտնի:
Պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։