ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ում ռազմական գործողությունների ու բռնի տեղահանման օրերին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 167 մարդ այս պահին շարունակում է բուժում ստանալ ՀՀ տարբեր բուժկենտրոններում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։
«26 անձի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ 10–ինը` ծայրահեղ ծանր։ Վերջին շաբաթում 70 պացիենտ առողջացմամբ դուրս է գրվել։ 19 պացիենտներ շարունակում են իրենց բուժումն արտերկրում»,–ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։