ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հորդորում է ռուսական պետական հեռուստաալիքների ճակատագրի հարցում առաջ չընկնել։ Կառավարության նիստից հետո նա խուսափողական պատասխան տվեց լրագրողների հարցին` արդյոք ՀՀ–ում կեթերազրկվե՞ն ռուսական պետական հեռուստաալիքները։
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
«Եկեք առաջ չընկնենք, եթե մենք նորություն ունենանք, ապա անպայման կտեղեկացնենք, բոլոր հարցերի պատասխանները կտանք»,– հայտարարեց նախարարը։
Ինչ վերաբերում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտնաբերած խախտումներին, ապա Խաչատրյանը վստահեցրեց, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն դրանք վերացնելու համար։ Թե կոնկրետ ինչ քայլեր, նա չմանրամասնեց` վստահեցնելով, որ այդ մասին ևս կտեղեկացնեն։
Հիշեցնենք` ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։