ՀՀ պաշտոնյայի ստացած 60 հազար դրամից ավելի արժողության նվերները կհանձնվեն թանգարաններ

Գրիգոր Մինասյան. Արխիվային լուսանկար
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով` եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցումը վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական այցերի, գործուղումների կամ արարողակարգերի ժամանակ ՀՀ պաշտոնյային տրվող նվերները կհանձնվեն թանգարաններ կամ Ազգային գրադարան, կամ ուղղակի կնվիրաբերվեն բարեգործական նպատականերով։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա ընդգծեց, որ հանրային ծառայողների կողմից ստացված և պետության սեփականությունը դարձվող նվերների տնօրինման իրավահարաբերությունները մինչ օրս նորմալ չեն կարգավորվել։
«Օրենքով պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի, բացառություն են կազմում միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ ստացած նվերները, կրթաթոշակը և դրամաշնորհը։ Այդ նվերները պետության սեփականությունն են դառնում, եթե դրանց արժեքը 60 հազար դրամից ավելի է, սակայն դրանց հետագա տնօրինման ճակատագիրն անհայտ է ու օրենքով դեռ չի կարգավորվում»,– տեղեկացրեց Մինասյանը։
Ըստ նրա` եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցումը վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով։
Նախարարը նշեց, որ բոլոր նվերների ռեեստր է լինելու։ «Այսպիսով, կանխատեսելի ու թափանցիկ կդառնան բոլոր պաշտոնյաների ստացած նվերները»,– հայտարարեց Մինասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ սա ոչ միայն հակակոռուպցիոն ծրագրի շրջանակում է, այլև այսպիսով պաշտոնյան ավելի պաշտպանված է դառնում, երբ նա մերժում է նվեր ընդունելը` հղում անելով օրենքին։ Այդպիսով, ըստ նրա, պաշտոնյան անհարգալից մարդու տպավորություն չի թողնի։