ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Լիտվան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտը Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ իր այցը Հայաստանին աջակցելու ևս մեկ ժեստ է։ Նա հպարտությամբ նշել է, որ Լիտվան առաջին պետություններից է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին և այդ ժամանակվանից երկու երկրներն էլ միավորված են համամարդկային և ժողովրդավարական արժեքներով։
«Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում ԼՂ-ի պատերազմներում զոհվածների ընտանիքներին: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին. թեպետ դա չի ամոքի ցավը, բայց հույս ունեմ, որ կօգնի հոգալ նրանց բոլոր ամենահրատապ կարիքների մի մասը»,- ասաց Շիմոնիտեն:
Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Լիտվան բարձր է գնահատում ՀՀ կառավարության հանձնառությունը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։
Շիմոնիտեն կարծում է, որ երկխոսության միջոցով կողմերը կկարողանան երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, և այժմ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որ ժողովրդավարությունները միավորվեն և կանգնեն ուս ուսի՝ պաշտպանելով ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: