«ՀայՓոստը» ստացել է «Ծագող աստղ» բարձրագույն մրցանակ

«ՀայՓոստը» ստացել է «Ծագող աստղ» բարձրագույն մրցանակ
Մրցանակը «ՀայՓոստին» շնորհվել է փոստային ինովացիոն լուծումների, ինչպես նաև հաճախորդամետ քաղաքականության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «ՀայՓոստը» ստացել է «Ծագող աստղ» բարձրագույն մրցանակ։ Տեղեկությունը հայտնում է «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը։
Ընկերությունից հայտնում են, որ մրցանակը ստացել են Փոստ Եվրոպայի 2023 թ. ընդհանուր ժողովի ընթացքում, որն անցկացվել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և նվիրված է եղել Փոստ Եվրոպայի 30-ամյակին:
Մրցանակը «ՀայՓոստին» շնորհվել է փոստային ինովացիոն լուծումների, ինչպես նաև հաճախորդամետ քաղաքականության համար:
«ՀայՓոստը» վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել ինչպես ծառայությունների հասանելիության, այնպես էլ էլեկտրոնային տվյալների փոխանցման ոլորտում»,– մրցանակը հանձնելիս ասել է Փոստ Եվրոպայի գլխավոր քարտուղար Բոտոնդ Սզեբենին:
«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանն իր խոսքում նշել է, որ ընկերությունը մշտապես հետևողական է լինելու ՀՀ փոստի զարգացման գործում:
Նա նաև կարևորել է ենթակառուցվածքների արդիականացումը, որպեսզի «ՀայՓոստը» համապատասխանի եվրոպական բոլոր ստանդարտներին: