ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության նախկին նախարար և երկրի արտակարգ կառավարության գործող անդամ Բենի Գանցը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը կարող է ամիսներ տևել, և չի բացառում այդ դիմակայությունում հյուսիսային ճակատի բացման հավանականությունը: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
Գանցը ելույթ է ունեցել Իսրայելի Հարավային օկրուգում ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ընթացքում զոհված Շաար-հա-Նեգևի շրջանային խորհրդի ղեկավար Օֆիր Լիբշտեյնի հուղարկավորության ժամանակ:
«Դա շատ ժամանակ կպահանջի։ Պատերազմը հարավում, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ հյուսիսում կամ այլուր, կարող է ամիսներ տևել, իսկ վերականգնումը տարիներ կպահանջի: Միայն այն ժամանակ, երբ վերականգնումն ավարտվի, մենք կհաղթենք», - ասել է պաշտպանության նախկին նախարարը։
Նա հավելել է, որ Իսրայելի նպատակը ոչ միայն ՀԱՄԱՍ-ին հաղթելն է, այլև խոստանալը, որ «հարավը հարյուր տոկոսանոց դրախտ կդառնա»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: