ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Երևանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է Իրանում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։
Sputnik Արմենիային ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արտգործնախարարի այցերի և հանդիպումների մասին պատշաճ կերպով և ժամանակին տեղեկացնում են։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։