Անկարայում Իսրայելի դեսպանն ու դիվանագետները լքում են երկիրը. ԶԼՄ

Իսրայելի դրոշ
Թուրքական հրատարակությունը Իսրայելի դեսպանի և դիվանագետների այս քայլի պատճառը համարում է անվտանգային խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Անկարայում Իսրայելի դեսպանն ու դիվանագետները լքում են երկիրը։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրին։
«Արտաքին գործերի նախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ բոլոր դիվանագետները, այդ թվում՝ Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը, լքում են Թուրքիան»,- նշում է հրատարակությունը։
Թերթը որպես այս քայլի պատճառ նշում է անվտանգության խնդիրները։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 17–ին Գազայի հատվածի «Ալ Ահլի» հիվանդանոցը հրետակոծության է ենթարկվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով` ավելի քան 500 մարդ է զոհվել, մեծամասնությունը` կանայք և երեխաներ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` զոհերի թիվը գերազանցել է 800–ը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը եռօրյա սուգ է հայտարարել։
Դրանից հետո բազմաթիվ երկրներում, այդ թվում Թուրքիայում բազմամարդ հակաիսրայելական բողոքի ակցիաններ են սկսվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: