ԱՄՆ-ն մտադիր է Իսրայելին «Երկաթե գմբեթ» երկու համակարգ վերադարձնել. ԶԼՄ

Իսրայել. Արխիվային լուսանկար
ԱՄՆ–ն Իսրայելին արդեն զինամթերքի խմբաքանակ փոխանցել է, այդ թվում` «Երկաթե գմբեթի» համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն մտադիր է հետադարձ լիզինգի պայմանավորվածության շրջանակում Իսրայելին «Երկաթե գմբեթ» երկու ՀՕՊ համակարգ ուղարկել։ Այս մասին գրում է Ռոյթերսը` հղում անելով ԱՄՆ աղբյուրներին։
Նշվում է, որ համակարգերի փոխանցումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։
«Պենտագոնը Կոնգրեսի անդամներին հոկտեմբերի 18–ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հետադարձ լիզինգի հետ կապված գործարքի շրջանակում մտադիր է «Երկաթե գմբեթ» իր ՀՕՊ երկու համակարգերը հետ ուղարկել Իսրայել», – նշում է գործակալությունը։
ԱՄՆ–ն Իսրայելին արդեն զինամթերքի խմբաքանակ փոխանցել է, այդ թվում` «Երկաթե գմբեթի» համար և խոստանում է շարունակել մատակարարումները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: