ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայել տեղափոխել տասնյակ հազարավոր հրետանային արկեր, որոնք նախատեսված են եղել Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Իսրայելի ներկայացուցիչներին։
Զեկույցում նշվում է, որ զինամթերքը ամիսներ առաջ պահվել է Ամերիկայի սեփական զինանոցներից արտակարգ օգտագործման համար։
Ըստ հրապարակման մեջ բերված ամերիկացի զինվորականների գնահատականի՝ ուկրաինական արկերի փոխանցումն Իսրայելին ուղղակի ազդեցություն չի ունենա Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունների վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Կոնգրեսին է դիմել Իսրայելին աննախադեպ օգնության փաթեթ տրամադրելու խնդրանքով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավոր են: