ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման ձևերի և ոլորտների.
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝ 245 000 դրամ:
2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝
արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ,
առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ,
այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:
3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:
Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց համար, որոնք կրթությունը շարունակում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով, պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում:
Պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում նաև այն ուսանողների համար, որոնք Արցախում ուսում են ստացել ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում և որոշել են ՀՀ–ում ուսումը շարունակել կրկին ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում
Այդ ուսանողները կարող են մինչև հոկտեմբերի 31-ը տեղափոխվել ցանկում ներառված նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ և ստանալ կրթաթոշակ։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել էր այն բուհերի ցանկը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:
Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։