ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards - 2023 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2023 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայտնում են Impulse Business Management ընկերության մամուլի ծառայությունից։
Հայկական ճոպանուղին կմրցի Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:
Նշենք, որ նախագիծն արդեն հաղթել է այս մրցույթում 2021 թ․-ին։
«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում:
2023 թ․-ի հոկտեմբերի 16-ին «ՏաԹևեր» ճոպանուղին նշեց իր գործունեության 13 տարին։
2010 թ․-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։
«ՏաԹևեր» ճոպանուղու օգտին կարող եք քվեարկել հետևյալ հղումով` https://www.worldtravelawards.com/nominees/2023/world
Քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է: