ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի –Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ՄԱԿ-ի մերձավորարևելյան կարգավորման հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդի հետ քննարկել է Գազայի հատվածում իրավիճակի սրացումը: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ռուսաստանի ներկայացուցիչը զրուցակցին տեղեկացրել է Մոսկվայի կողմից Գազայի բնակիչների համար հումանիտար բեռներ ուղարկելու և մարդասիրական օգնություն հասցնելու հետ կապված խնդիրների մասին:
Հանդիպման ընթացքում դիվանագետները մանրամասն քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար հարցերի լուծմանը, առաջին հերթին` Գազայի տուժած բնակչությանը հրատապ օգնություն ցուցաբերելուն և պատանդների ազատմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: