Փաշինյանն ու Միյատովիչը քննարկել են ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Հայաստանում է առկա կարիքները գնահատելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Դունյա Միյատովիչը շեշտել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, ներառյալ` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:
«Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ Միյատովիչի այցը կօգնի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:
Քննարկվել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումները, խոսվել է հետագա համագործակցության մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։