ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ2012-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Պողոսյանը մեղադրվում է իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու մեջ։ Մասնավորաբար, ըստ առաջադրված մեղադրանքի` նա օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.–ի (խմբ. Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյան) կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Արդյունքում պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Պողոսյանի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում:
ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական վարույթով մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք` 2021-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պողոսյանն անցնում է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ին պատկանող անշարժ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու (փողերի լվացմամբ) դեպքի առթիվ հարուցված քրգործով։ Պարզվել է, որ նշված ՀԿ–ի նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի հիմնադրած «ԱՕԿՍ» ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աբովյան 3 հասցեում գտնվող գույքով կատարել են ձևական օտարման գործարքներ։
ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։ Դրա տնօրենն է հանդիսացել Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին։