Լիտվայի վարչապետն առաջիկայում կայցելի Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ–ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը
ՀՀ վարչապետն ընդգծել է Լիտվայի աջակցությունը` Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Լիտվայի վարչապետն առաջիկայում աշխատանքային այցով կգա Հայաստան։ Այդ մասին նշվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանը և դեսպան Պուլոկասը կարևորել են Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի առաջիկա աշխատանքային այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը կարևորել է հայ–լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին:
Փաշինյանը ավելացրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ:
ՀՀ վարչապետը նաև ընդգծել է Լիտվայի աջակցությունը` Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանը նպաստելու առումով: