ԼՂ–ից բռնի տեղահանված 14 848 աշակերտ արդեն հաճախում է դպրոց. նախարար

Ժաննա Անդրեասյանը բրիֆինգին
Ժաննա Անդրեասյանի խոսքով` այս պահին մի փոքր դանդաղել է դպրոցներում աշակերտների գրանցումը, որը, պայմանավորված է արդեն մեկնարկած կացարանների վարձակալության միջնաժամկետ ծրագրով, երբ մարդիկ առաջնահերթ զբաղված են տան հարցերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված 14 848 աշակերտ արդեն գրանցված են ու հաճախում են ՀՀ դպրոցներ։ ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա տվյալներով` Երևանում դպրոց է հաճախում 4 675 աշակերտ, Արագածոտնի մարզում` 707, Արարատի մարզում` 2 068, Արմավիրի մարզում` 1 290, Գեղարքունիքի մարզում` 712, Լոռիում` 883, Կոտայքում` 2 514, Շիրակում` 631, Սյունիքում` 581, Վայոց Ձորում` 322, Տավուշում` 465։
«Մի փոքր դանդաղել է դպրոցներում աշակերտների գրանցումը, որը, կարծում եմ` պայմանավորված է նրանով, որ արդեն մեկնարկել է կացարանների վարձակալության միջնաժամկետ ծրագիրը, և մարդիկ հիմա զբաղված են դրանով ու նաև դրանով են պայմանավորում իրենց երեխաների դպրոց գնալը։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին` առաջին իսկ հնարավորության դեպքում դպրոց դիմել, քանի որ անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից` ամեն օրը կրթությունից երեխայի դուրս մնալու օր է։ Մենք բոլորս պետք է մտածենք երեխաների կրթության շարունակականության մասին»,– ընդգծեց նախարարը։
Նախարարը նշեց, որ այս պահին 1000–ից ավելի դիմորդներ արդեն իսկ դիմել են ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ։ Նրա տվյալներով` հիմնականում գերակշռում են Երևանի ուսումնական հաստատություններ դիմածները, իսկ մարզերից Կոտայքի մարզի հաստատություններ են ամենից շատ դիմել։
«Այս համակարգի ուսանողների շուրջ 40-50 տոկոսն արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար։ Բուհական մակարդակում մենք շուրջ 1 155 ուսանող ունենք, որոնք արդեն հաշվառվել են ՀՀ պետական բուհերում և նրանց մասնաճյուղերում։ Այս համակարգում ուսանողների ներգրավվածությունը նույնպես գրեթե կազմում է 50 տոկոս։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչների` աշխատանքի տեղավորման հարցին` նշելով` եթե սկզբում նրանց առաջարկվում էր 1422 թափուր աշխատատեղ, ապա ԿԳՄՍՆ–ի ծրագրերի շնորհիվ մնացել է 1341 թափուր տեղ։
«Դա նշանակում է, որ 81 ուսուցիչ արդեն ընտրել է իրեն հարմար աշխատավայր։ Նախարարությունը նրանց կուղղորդի այդ հաստատություններ և հուսով ենք, որ դա կլինի նրանց համար այն լավագույն հարմար աշխատավայրը, որը նրանց նաև մասնագիտական աշխատանքի շարունակության հնարավորություն կտա»,– ընդգծեց նախարարը։
Ընդհանուր առմամբ` ԼՂ–ից բռնի տեղահանվել է 1500 ուսուցիչ։