ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրների հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեսպանն այսօր հավատարմագրերի պատճենն է հանձնել նախարարին։
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Թըրները` որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Երևանում Կանադայի դեսպանություն հիմնելու որոշումը, ինչը վկայում է հայ-կանադական դինամիկ զարգացող օրակարգը տարբեր ուղղություններով ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված գործընթացի և առկա հիմնական հարցերի վերաբերյալ:
«Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային իրավիճակին՝ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր իսկ անունով բնութագրելու, Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել հայերի առաջնային կարիքները պատշաճ ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են նաև փոխադարձ բարձրաստիճան այցելությունները:
Հիշեցնենք` Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Հայաստանում դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։
Կանադայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը օգոստոին հայտնել էր, որ Մելանի Ջոլին սեպտեմբերին կայցելի Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Կանադայի դեսպանատան պաշտոնական բացմանը։