ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը ներողություն է պահանջում ՄԱԿ-ից, որը թույլ է տվել ՀԱՄԱՍ–ի «ռազմական մեքենայի» ստեղծումը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ներողություն ենք պահանջում։ ՄԱԿ-ը և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ շտապել են ճանաչել ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) նման ահաբեկիչների սուտը և հրաժարվել են ճանաչել օրինապահ ժողովրդավարության հիմնավոր ապացույցները», - նշել է նա։
Էրդանի խոսքով՝ կազմակերպության ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն, որ երբեք խորհուրդ չեն հավաքել, երբ ՀԱՄԱՍ-ի հրթիռները դիտավորյալ արձակվել են իսրայելական հիվանդանոցների ուղղությամբ:
Նա ՄԱԿ-ին կոչ է արել նաև ներողություն խնդրել երկար տարիներ հրատապ խնդիրների լուծումից խուսափելու համար, երբ ՀԱՄԱՍ-ը Գազայում անարգել կառուցում էր իր ռազմական մեքենան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել միաձայն ընդունել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի բանաձևի նախագիծը: Դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ճապոնիան։ Բանաձևը կոչ էր անում անհապաղ դադարեցնել կրակը և ազատ արձակել բոլոր գերիներին, այն նաև դատապարտում էր խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: