ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 180 մարդ։ Այս մասին ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ բուժառուներից 32–ի վիճակը ծանր է, 9–ինը՝ ծայրահեղ ծանր։
«Վերջին շաբաթվա ընթացքում 75 հիվանդ արդեն դուրս է գրվել բժշկական կենտրոններից, սակայն նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ»,– ընդգծեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով` ՀՀ պոլիկլինիկաներում այս պահին հաշվառված է 35 550 քաղաքացի:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։