«Հանրապետություն» - ՔՊ բանակցություններն ավարտվել են. պաշտոնները՝ բաժանվել. «Հրապարակ»

«Հանրապետությունն» ու ՔՊ–ն համագործակցության հուշագիր են ստորագրել. Արխիվային լուսանկար
Երևանի տարբեր համայնքներում թաղապետների պաշտոնները զբաղեցնողների անունները, կարծես, արդեն հայտնի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցություն-ՔՊ բանակցություններն ավարտվել են, պաշտոնները՝ բաժանվել, գրում է «Հրապարակ» թերթը:
Նշվում է, որ տևական փնտրտուքից հետո գտել են նաև Դավթաշենի թաղապետի թեկնածուին` կնշանակվի Արամ Սարգսյանի կուսակից, տնտեսագետ Ալբերտ Հովասափյանը, ում մասին շատ տեղեկություններ չկան, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ-երկու գրառման։
«Մեզ ասացին, որ Հովասափյանը տարբեր տարիներին կուսակցության նախընտրական շտաբն է ղեկավարել, համակարգել ընտրական գործընթացները»,–գրում է թերթը։
Արդեն գրել էին, որ Մալաթիա-Սեբաստիայում թաղապետ կնշանակվի ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորքում` աղմկահարույց գրառումներով հայտնի Տիգրան Տեր-Մարգարյանը։
«Կարելի է ասել, որոշում է կայացվել նաև փոխթաղապետի հարցում․ այն կզբաղեցնի ցուցակի երկրորդ համար Սարգիս Մադաթյանը՝ «Խուճուճ Էդոյի» եղբորորդին, իսկ Անի Խաչատրյանը կդառնա խմբակցության ղեկավար, Արտակ Զեյնալյանն էլ մինչեւ տարեվերջ կտեղավորվի ՍԴ-ում»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10–ին տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։