ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում ընդունված հայտարարությունում։
Նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման հետևանքով ստեղծված չափազանց բարդ իրավիճակին:
Արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը (ավելի քան 100,6 հազար մարդ) ապաստան է գտել Հայաստանում, փաստաթղթի հեղինակներն ընդգծում են մշտական անարգել մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը նրանց, ովքեր մնացել են Ղարաբաղում, և նրանց, ովքեր հեռացել են:
Ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատություններն ու անվտանգությունը, ներառյալ նրանց՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը ՝ առանց ահաբեկման և խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի փախստականների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար Լեռնային Ղարաբաղ՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները։
«Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պետք է հետևի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սեպտեմբերի 22–ին սահմանած միջանկյալ միջոցներին, այսինքն՝ ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների, մասնավորապես 2–րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3–րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի արգելում) խախտմանը»,– ասված է հայտարարության մեջ:
ԵՄ–ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԼՂ հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարությունները` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է կրում բնակչության հետագա ճակատագրի հիմնական պատասխանատվությունը։
«Պետք է ներկայացվեն առարկայական, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման երաշխիք մենք ակնկալում ենք համընդհանուր համաներում ԼՂ բոլոր հայերի` ներառյալ նրանց ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան կոշտ հռետորաբանությունից»,– ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության հասանելիությունը վճռորոշ նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է այդքան անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիտորինգի ապահովմանը:
ԵՄ–ն ևս մեկ անգամ վերահաստատել է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը:
«Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր անվերապահ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի»,– նշված է հայտարարության մեջ:
ԵՄ–ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։