ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ավելի քան 1,3 հազար երեխա է մահացել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից ի վեր: Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին` ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում: Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելական ռազմական մեքենան սպանել է ավելի քան 1,3 հազար երեխայի և, Գազայի հատվածին հարվածներ հասցնելով, ավելի քան 1 մլն պաղեստինցու ստիպել է մեկ շաբաթվա ընթացքում լքել իրենց տները»,-ասել է նախարարը:
Մալիքին նշել է նաև, որ Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 3,4 հազարը, վիրավորվել է ավելի քան 12 հազար մարդ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: