ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը 1 անշարժ, 1 շարժական գույք, ինչպես նաև 29 մլն դրամ վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը, ինչից հետո գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնագիր է կնքել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ դատախազությունն ուսումնասիրությունը սկսել էր դեռ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն է եղել, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
2023 թվականի մարտի 14-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում։ Հոկտեմբերի 13-ին Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջ էր ներկայացվել՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում:
Արմեն Հարությունյանը և նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցել 1 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև 28 մլն 700 հազար դրամ։
Հարությունյանի կողմից հայցապահանջը ներկայացնելու օրը հաշտության համաձայնությունը կնքվել է, իսկ հոկտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է այն։