ԵՄ–ն ֆինանսապես կօգնի ուժեղացնելու ՀՀ առողջապահական համակարգը

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
ՀՀ առողջապահության նախարարը նաև նշել է, որ պետք է ուժեղացնել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնել համակարգի պատրաստվածությունը: ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն անդրադրաձել է նաև Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքներին:
«Ուժեղացնել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով»,– ասել է Ավանեսյանը:
Դեսպանն իր հերթին ասել է, որ քննարկման փուլում են ՀՀ–ԵՄ գործողությունների պլանով նախատեսվող զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում:
Հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ընթացիկ բարեփոխումներին: